1
2ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ
3
4ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
5
6Հասարակական տեղեկատվության բաժին
7
8Մարդու իրավունքները
9
10հրապարակված Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում
11
121948 թվականի դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր Ժողովն ընդունեց ու ազդարարեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի ամբողջական տեքստն ամփոփված է գրքույկի հաջորդ էջերում։ Պատմական նշանակություն ունեցող այս որոշումն ընդունելուց հետո Ժողովը բոլոր անդամ պետություններին կոչ արեց հրապարակել Հռչակագրի տեքստը և անել ամեն ինչ փաստաթղթի «տարածման, հրապարակման ու մեկնաբանման համար, գլխավորապես դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում, առանց երկրների կամ տարածքների քաղաքական կարգավիճակի տարբերակման։
13
14Խավիեր Պերես դե Կուելյար
15
16ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
17
18Բոլոր մարդիկ ծնվում են հավասար ու անօտարելի իրավունքներով և հիմնական ազատություններով։
19
20Միավորված ազգերը պարտավորություն է ստանձնել պահպանել, խրախուսել ու պաշտպանել յուրաքանչյուր անհատի մարդու իրավունքները։ Այս պարտավորությունը բխում է Միավորված ազգերի կանոնադրությունից, որը վերահաստատում է աշխարհի ժողովուրդների հավատը մարդու հիմնական իրավունքների, անձի արժանապատվության ու արժեքի նկատմամբ։
21
22Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում Միավորված ազգերի կազմակերպությունը պարզ ու հասկանալի ձևով ներկայացրել է այն իրավունքները, որոնք հավասարապես պատկանում են յուրաքանչյուր մարդու։
23
24Այս իրավունքները պատկանում են ձեզ։
25
26Սրանք ձեր իրավունքներն են։
27
28Ծանոթացեք դրանց։ Աջակցեք այդ իրավունքներին, պաշտպանեք դրանք հանուն ձեզ և ձեր եղբայրակիցների։
29ՆԵՐԱԾԱԿԱՆ
30
31Քանզի մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվությունը և հավասար ու անօտարելի իրավունքները աշխարհի ազատության, արդարության ու խաղաղության հիմքն են․
32
33Քանզի մարդու իրավունքների նկատմամբ քամահրանքն ու արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը խռոված բարբարոսական գործողությունների, և քանի որ այնպիսի աշխարհի ստեղծումը, ուր մարդիկ կվայելեն խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից հռչակվել է որպես մարդկանց բարձրագույն ձգտում․
34
35Քանզի անհրաժեշտ է, որպեսզի մարդը, որպես մի վերջին միջոցի, չդիմի ապստամբության ընդդեմ բռնության ու ճնշման, օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները․
36
37Քանզի անհրաժեշտ է նպաստել ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը․
38
39Քանզի Միավորված ազգերի ժողովուրդները կանոնադրության մեջ վերահավաստել են իրենց հավատը մարդու հիմնական իրավունքների, անձի արժանապատվության ու արժեքի, տղամարդու ու կնոջ հավասար իրավունքների նկատմամբ և որոշել են ավելի մեծ ազատության պայմաններում նպաստել սոցիալական առաջընթացին ու կյանքի պայմանների բարելավմանը․
40
41Քանզի անդամ պետությունները պարտավորվել են Միավորված ազգերի հետ համագործակցությամբ հասնել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրանց պահպանման․
42
43Քանզի այս իրավունքների ու ազատությունների համընդհանուր ըմբռնումը կարևորագույն նշանակություն ունի այս պարտավորության լիարժեք իրագործման համար․
44
45ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ
46
47ազդարարում է այս
48
49ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
50
51որպես առաջադրանք բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որպեսզի յուրաքանչյուր անհատ և հասարակության յուրաքանչյուր մարմին, մտքում մշտապես ունենալով այս Հռչակագիրը, ձգտի ուսուցման ու կրթության միջոցով նպաստել այս իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգալից վերաբերմունքին և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումներով ապահովել դրանց համընդհանուր արդյունավետ ճանաչումն ու պահպանումը թե անդամ պետությունների ժողովուրդների և թե դրանց իրավասու տարածքների ժողովուրդների կողմից։
52Հոդված 1
53
54Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով։ Նրանք ունեն բանականություն ու խիղճ և միմյանց պետք է եղբայրաբար վերաբերվեն։
55Հոդված 2
56
57Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության՝ հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի վրա։
58
59Ավելին, ոչ մի խտրականություն չպետք է լինի հիմնված երկրի կամ տարածքի, քաղաքական, իրավական, կամ միջազգային կարգավիճակի վրա, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչինքնակառավարվող կամ ինքնիշխանության որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում, որին պատկանում է մարդը։
60Հոդված 3
61
62Յուրաքանչյուր ոք ունի ապրելու, ազատության ու անձի անձեռնմխելիության իրավունք։
63Հոդված 4
64
65Ոչ ոք չպետք է լինի ստրկության կամ անազատ վիճակում․ պետք է արգելվեն ստրկատիրության ու ստրուկների առուծախի բոլոր ձևերը։
66Հոդված 5
67
68Ոչ ոք չպետք է ենթարկվի կտտանքների, դաժան, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի։
69Հոդված 6
70
71Ամեն ոք, ուր էլ որ լինի, իրավունք ունի ճանաչվել որպես իրավասուբյեկտ։
72Հոդված 7
73
74Բոլորը հավասար են օրենքի առջև և, առանց որևէ խտրականության, ունեն օրենքով հավասար պաշտպանվելու իրավունք։ Բոլորը ունեն հավասար պաշտպանության իրավունք՝ ընդդեմ ցանկացած խտրականության, որով խախտվում է այս Հռչակագիրը, և ընդդեմ նման խտրականության մղող ցանկացած սադրանքի։
75Հոդված 8
76
77Ամեն ոք ունի ազգային լիազոր դատարանների միջոցով իր իրավունքների արդյունավետ վերականգնման իրավունք, եթե խախտվում են սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված նրա հիմնական իրավունքները։
78Հոդված 9
79
80Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, բանտարկության կամ արտաքսման։
81Հոդված 10
82
83Ամեն ոք իր իրավունքների ու պարտականությունների սահմանման համար և իր դեմ ցանկացած քրեական մեղադրանքի դեպքում, լիակատար հավասարության հիման վրա, իրավունք ունի, որ իր գործը արդարացի ու հրապարակայնորեն լսվի անկախ ու անկողմնապահ դատարանի կողմից։
84Հոդված 11
85
861. Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անմեղ համարվել քանի դեռ նրա մեղքը չի ապացուցված օրենքով նախատեսված հրապարակային դատաքննությամբ, որի ժամանակ ապահովվեն նրա պաշտպանության համար բոլոր անհրաժեշտ երաշխիքները։
87
882. Ոչ ոք չի կարող դատապարտվել որպես հանցագործ որևիցէ արարքի կամ բացթողման համար, որը կատարվել է այնպիսի ժամանակ, երբ այն ազգային կամ միջազգային օրենքով հանցագործություն չի համարվել։ Չի կարող սահմանվել նաև ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառվում էր հանցագործության կատարման ժամանակ։
89Հոդված 12
90
91Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական միջամտության իր անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ, իր տան, թղթակցության և կամ իր պատվի ու համբավի դեմ կամայական ոտնձգության։ Ամեն ոք ունի օրենքով պաշտպանվելու իրավունք ընդդեմ նման միջամտության կամ ոտնձգության։
92Հոդված 13
93
941. Ամեն ոք ունի տեղաշարժվելու և բնակության վայր ընտրելւու ազատության իրավունք յուրաքանչյուր պետության սահմաններում։
95
962. Ամեն ոք ունի ցանկացած երկրից, այդ թվում իր երկրից հեռանալու և իր երկիր վերադառնալու իրավունք։
97Հոդված 14
98
991. Ամեն ոք իրավունք ունի այլ երկրներում հետապնդումից ապաստան որոնել և ապաստանից օգտվել։
100
1012. Այս իրավունքը չի կարող գործադրվել այնպիսի ոչ-քաղաքական հանցագործությունների կամ արարքների համար հարուցված հետապնդությունների դեպքում, որոնք հակասում են Միավորված ազգերի նպատակներին ու սկզբունքներին։
102Հոդված 15
103
1041. Ամեն ոք ունի քաղաքացիության իրավունք։
105
1062. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից կամ քաղաքացիությունը փոխելու իրավունքից։
107Հոդված 16
108
1091. Չափահաս տղամարդիկ ու կանայք, առանց որևէ ցեղային, ազգային կամ կրոնական սահմանափակման, իրավունք ունեն ամուսնանալ և ընտանիք հիմնել։ Նրանք հավասար իրավունքներ ունեն ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության ժամանակ։
110
1112. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող կողմերի լիարժեք ու ազատ համաձայնության դեպքում։
112
1133. Ընտանիքը հասարակության բնական ու հիմնական բջիջն է և պաշտպանվելու իրավունք ունի հասարակության ու պետության կողմից։
114Հոդված 17
115
1161. Ամեն ոք ունի սեփականություն ունենալու իրավունք՝ ինչպես մենակ, այնպես էլ ուրիշների հետ միասին։
117
1182. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփականությունից։
119Հոդված 18
120
121Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք․ այս իրավունքը ներառնում է իր դավանանքը կամ համոզմունքները փոխելու ազատություն և իր դավանանքին կամհամոզմունքներին հետևելու ազատություն, մենակ կամ ուրիշների հետ համատեղ, հրապարակայնորեն կամ գաղտնի՝ քարոզի, ժամերգության, կրոնական ու ծիսական արարողությունների ձևով։
122Հոդված 19
123
124Ամեն ոք ունի համոզմունքներ ունենալու և արտահայտվելու իրավունք․ այս իրավունքը ներառնում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու և տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն, լրատվության ցանկացած միջոցներով, անկախ պետական սահմաններից։
125Հոդված 20
126
1271. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ու միություններ կազմելու իրավունք։
128
1292. Ոչ ոք չի կարող հարկադրաբար անդամակցվել որևէ միության։
130Հոդված 21
131
1321. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մասնակցել իր երկրի կառավարմանը՝ անմիջաբար կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով։
133
1342. Յուրաքանչյուր ոք իր երկրում ունի պետական ծառայություն կատարելու հավասար իրավունք։
135
1363. Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իրավազորության հիմքը․ այս կամքի արտահայտությունը պետք է լինեն պարբերական ու անեղծ ընտրությունները, որոնք պետք է իրագործվեն համընդհանուր ու հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկության կամ համարժեք ազատ ընտրական ընթացակարգերի միջոցով։
137Հոդված 22
138
139Յուրաքանչյուր ոք, որպես հասարակության անդամ, սոցիալական ապահովության իրավունք ունի, օգտվում է իր արժանապատվության և իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներից ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով, յուրաքանչյուր պետության կառուցվածքին ու ռեսուրսներին համապատասխան։
140Հոդված 23
141
1421. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշատանքային պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
143
1442. Յուրաքանչյուր ոք, առանց որևիցէ խտրականության, ունի հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք։
145
1463. Յուրաքանչյուր ոք ունի արդարացի ու համապատասխան վարձատրության իրավունք, որով ապահովվի մարդկային արժանապատվությանը վայել իր ու իր ընտանիքը գոյությունը, իսկ անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապավության այլ միջոցներով։
147
1484. Յուրաքանչյուր ոք ունի իր շահերը պաշտպանելու համարար հեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունք։
149Հոդված 24
150
151Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի, այդ թվում՝ աշխատանքային ժամերի չափավոր սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդների իրավունք։
152Հոդված 25
153
1541. Յուրաքանչյուր ոք ունի կենսամակարդակի իրավունք, որը իր և իր ընտանիքի համար ապահովի առողջություն ու բարեկեցություն, այդ թվում՝ սնունդ, հագուստ, բնակարան ու բժշկական սպասարկում, անհրաժեշտ սոցիալական ծառայություններ և ապահովագրության իրավունք գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիության, ծերության և այն դեպքերում, երբ գոյության միջոցների ձեռքբերումը չի պայմանավորված իրենից կախված հանգամանքներով։
155
1562. Մայրերն ու մանուկներն ունեն հատուկ հոգածության ու օժանդակության իրավունք։ Բոլոր երեխաները՝ ծնված ամուսնությունից կամ արտաամուսնական կապերից, օգտվում են նույն սոցիալական պաշտպանությունից։
157Հոդված 26
158
1591. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Կրթությունը, առնվազան տարրական ու հանրակրթական փուլերում, պետք է լինի անվճար։ Տարրական կրթությունը պետք է լինի պարտադիր։ Տեխնիկական ու մասնագիտական կրթությունը լինելու է ընդհանուրի համար մատչելի, իսկ բարձրագույն կրթությունը՝ բոլորի համար հավասարապես մատչելի, հիմնված ընդունակությունների վրա։
160
1612. Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը։ Այն պետք է նպաստի բոլոր ազգերի, ցեղային կամ կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը և էլ ավելի նպաստի Միավորված ազգերի խաղաղապահպան գործունեությանը։
162
1633. Ծնողներն ունեն իրենց երեխաներին տրվող կրթության տեսակի ընտրության առաջնային իրավունք։
164Հոդված 27
165
1661. Յուրաքանչյուր ոք ունի իր համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը դրվատելու, գիտական առաջընթացին մասնակցելու և դրա բարիքներից օգտվելու իրավունք։
167
1682. Յուրաքանչյուր ոք պաշտպանության իրավունք ունի իր բարոյական ու նյութական շահերի համար, որոնք արդյունք են իր իսկ հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական ցանկացած աշխատանքի։
169Հոդված 28
170
171Յուրաքանչյուր ոք ունի սոցիալական ու միջազգային կարգուկանոնի իրավունք, որի դեպքում լիովին իրագործելի են այս Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատությունները։
172Հոդված 29
173
1741. Յուրաքանչյուր ոք պարտականություններ ունի համանյքի նկատմամբ, ուր և միայն հնարավոր է իր անձի ազատ ու լիարժեք զարգացումը։
175
1762. Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս, յուրաքանչուր ոք պետք է ենթակա լինի միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են ուրիշների իրավունքների ու ազատությունների համար պատշաճ ճանաչում ու հարգանք ապահովելու և բարոյականության, հասարակական կարգուկանոնի ու ընդհանուր բարեկեցության արդարացի պահանջները ժողովրդավարական հասարակարգում բավարարելու համար։
177
1783. Այս իրավունքների ու ազատությունների իրականացումը ոչ մի դեպքում չպետք է հակասի Միացյալ ազգերի նպատակներին ու սկզբունքներին։
179Հոդված 30
180
181Այս Հռչակագրում ոչ մի բան չի կարող մեկնաբանվել որպես որևէ իրավունքի տրամադրում որևիցէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անձանց զբաղվելու մի որևէ գործունեությամբ կամ արարքով, որոնք ուղղված լինեն Հռչկագրում շարադրվածա զատությունների ու իրավունքների ոչնչացմանը։